 Կյանքում պետք է պահել լույսի զգացողությունը: Չի կարելի նահանջել, հանձնվել, հուսահատվել. փնտրողը միշտ էլ ի վերջո գտնում է: Ընդ որում` կարևոր էլ չէ, թե երբ, որտեղ և ինչպես, կարևորը լույսի զգացողությունն է: Այն չի թողնում, որ մարդը ստրկանա: Իսկ եթե այդ զգացողությունը չքացել է, ապա նշանակություն չունի, թե մարդը ինչքան խորոված կուտի, մեկ է` մեծ հաշվով նա արդեն դատապարտված է:
Բոլոր ժամանակներում էլ մարդու ամենամեծ երազանքը ազատությունն է եղել: Ընդ որում` քաղաքական, հասարակական, մշակութային կամ կրոնական բոլոր ուղղություններում էլ մարդկային ազատությունը հանդես է գալիս որպես բարձրագույն արժեք: Իհարկե, ազատության իմաստավորումները տարբեր են լինում և հաճախ հանդես են գալիս որպես խաբկանքներ, սակայն մեծ հաշվով քարոզվող նպատակը մեկն է` ազատությունը: Կոմունիզմ, լիբերալիզմ, քրիստոնեություն, բուդդիզմ, ռենեսանս. բոլորը որոշակի իմաստավորմամբ ազատություն են քարոզում` այն վաճառելով իրենց տարադրամով. «Այ եթե դու ուզում ես ազատ լինել, ապա պետք է այսպես անես»: Մի կողմից կարող է թվալ, որ որոշակի տարադրամով գնված ազատությունը կարող է հանգեցնել դեգրադացիայի, բայց իրականում տարադրամ չի կարող չլինել: Ամենամոտ զուգահեռը հենց փողն է. գուցե և փողը վատ հետևանքներ կարող է ունենալ, օրինակ` հանուն նրա մարդ են սպանում, բայց այն չի կարող չլինել, որովհետև համակարգ է, որով գնահատվում է մարդը: Այնպես որ ազատության համար ևս որոշակի «տարադրամ» պետք է լինի, որպեսզի փիլիսոփայություն և հետևաբար նաև` նրան հասնելու ճանապարհ լինի:
Ազատությունը մի առանձնահատկություն ունի. մարդը կարող է զգալ, թե ինչ է տիեզերական ազատությունը, և սեփական իդեալի հիմքում այն դնել: Սովորաբար մարդկային հասարակություններում ազատությունն ինչքան նման է լինում բնական, տիեզերական համակարգին, որն անտեսանելի-անշոշափելի է մարդկանց մեծամասնության համար և գլխավորապես ոգի է, այնքան մարդիկ ավելի ազատ ու երջանիկ են լինում: Ինչքան էլ որ մեզ համար ֆանտաստիկ չհնչի, նման հասարակություններ մարդկության պատմության ընթացքում եղել են: Օրինակ` Հնդկաստանում մինչև հիմա կարելի է տեսնել նման փոքր խմբերի: Սա անկասկած որոշակի կուլտուրա է: Ճապոնացիներն ունեն մի այսպիսի ավանդույթ. հավաքվում են սահմանափակ թվով խմբով, և յուրաքանչյուրն ընդհանուր մթնոլորտի մեջ դրական լիցք է բերում: Այդ դրականը հանդես է գալիս միմյանց նկատմամբ լավ խոսքի, ժպիտի, ժեստերի և այլ միջոցներով, արդյունքում` ապահովվում է ընդհանուր դրական մթնոլորտ: Հասարակության մեջ նման ընկալումներ ու գիտակցություն ունեցող մարդկանց գոյությունը շանս է, քանի որ եթե նրանք դառնում են իշխանություն, իրենց գիտակցությունը տարածում են հասարակության վրա:
Իսկ այն հասարակություններում, որտեղ մարդկային ազատությունը հիմնված չի լինում մշակութաբանական ավանդույթի վրա, տեսնում ենք մոլագարության հասնող դրսևորումներ, սարսափ, խուճապ: Իհարկե, սրանք նույնպես անբաժանելի են մարդուց, սակայն երբ դառնում են գերիշխող հասարակական գիտակցության մեջ, առաջ է գալիս համընդհանուր դեպրեսիա: Աշխարհը դժոխք է, մարդը մարդու թշնամին է, ընկերություն ու սեր չկա, բոլորը դավաճաններ են, կյանքում հաստատուն, լուսավոր ու պայծառ ոչինչ չկա. կամ այս իդեաները մարդկանց դարձնում են ստրկամիտ, կամ մարդիկ պարզապես գժվում են, ինչն էլ հանգեցնում է հասարակության մասնատմանն ու քայքայմանը:
Այստեղ տեսնում ենք, որ ավանդույթ ունեցող հասարակություններում դրականն ու լուսավորը կենսական նշանակություն ունեն: Վերջին հաշվով` ընտրությունը մեծ չէ, և նրանից աշխարհը չի փոխվելու: Բայց ավելի լավ չէ՞ ազատ ու հանգիստ ապրել, քան անցնել սարսափներով ու դժոխքներով: Մի հանգամանք էլ կա, որով այս ամենը հայտնվում է փակ շրջանում. արմատները կորցրած և հոգեբանորեն ընկճված հասարակությունը նույնիսկ չգիտի, թե ինչ է ազատությունը և չի էլ ձգտում այն նվաճելու: Երեխաները, նոր սերունդը չի կարողանում հասկանալ վիճակը և որպես ավանդույթ` երգի, խոսքի և այլնի միջոցով ստանում է այդ ընդհանրացված անազատությունը, ինքն էլ վարակվում է դրանով և հետո փոխանցում է մյուս սերնդին: Բայց ինչպես ազատությունը, այնպես էլ անազատությունը հիմնվում է մարդկային երևակայության սահմանների վրա, և սերնդեսերունդ փոխանցվող անազատությունը գնալով ավելի ու ավելի է խորանում: Մինչև հանգեցնում է մահվան:
Ազատության ու ինքնիշխանության չձգտող հանրույթները հետևողականորեն դեգրադացվում են, քանի որ անընդհատ հայտնվում են տարբեր համակարգերի ենթակայության տակ և համակերպվում-նույնանում են այդ համակարգերի հետ: Բայց ամեն մի նոր համակարգ հաստատվելուց առաջ ջնջում է նախորդը: Արդյունքում ստացվում է, որ մի հասարակություն ժամանակ առ ժամանակ փոխում է իրեն առաջնորդող գաղափարները, սկզբունքներն ու ենթակառուցվածքները: Հետևաբար` յուրաքանչյուր փոփոխություն այդ հասարակության համար դառնում է ճգնաժամային ցնցում: Ցավոք, մենք` հայերս, նույնպես պատկանում ենք ազատությունը չպատկերացնող ազգերի թվին: Պարսիկ, արաբ, մոնղոլ, սելջուկ, թաթար, թուրք, ռուս, ամերիկացի. նրանց բոլորի հետ մենք նորից վերափոխվում ենք: Ով չի հասցնում, նրան նետում են աղբանոցը, իսկ ովքեր հասցնում են, սկսում են գովերգել նոր համակարգը: Նման մի օրինակի վերջերս ականատես եղա, երբ զառամյալ գիտնականները, որոնք հաստատ իրենց ամբողջ կյանքում հարձակվել են կրոնի, եկեղեցու, նրա հետևորդների, սկզբունքների ու դերի վրա, գովերգում էին կրոնականն ու եկեղեցականը և այնպես, կարծես մինչ Քրիստոնեության ընդունումը հայ ժողովուրդ չէր եղել: Նման տեսարանները միայն խղճահարություն են առաջացնում և ցավ: Խղճահարություն, որովհետև մարդը փոքրուց դաստիարակվել է որպես ստրուկ. նրան ասել են, որ կարծիք, տեսակետ, սեփական միտք բարձրաձայնելու և նույնիսկ ունենալու իրավունք չունես, այլ պետք է ողջ կյանքումդ ասես այն, ինչ քեզ պատվիրում են: Եվ ցավ, որովհետև այդտեղ մարդը կորցնում է իր արժեքը: Դառնում է գործիք` ինչ-որ բան անելու համար: Այսպիսի պայմաններում ամենալավ կյանքի հեռանկարը լիքը կերակրամանն է, որի լիքը կամ դատարկ լինելը որոշվում է հարևանի, կողքինի կերակրամանի համեմատությամբ: Իսկ երջանկությունը հարևանից լավ սնվելն է: Նման հասարակությունում ազատության երազ ունեցողը դատապարտված է մահվան, որովհետև նրա կերակրամանը միշտ դատարկ կլինի:
Կարեն Ասատրյան
Նյութը տրամադրել է «Պոլիտ Լայֆ» ամսագիրը
|