ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐ
      ՀԱՅԱՍՏԱՆ
      ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ
      ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
      ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ
      ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
      ԵՐԵՎԱՆ
      ՄԱՐԶԵՐ
      ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
      ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
      ԳԻՏՈւԹՅՈւՆ
      ԿՐԹՈւԹՅՈւՆ

      ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅՈւՆ

      ԱՇԽԱՐՀ
      ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
      ՌՈՒՍԱՍՏԱՆ
      ՎՐԱՍՏԱՆ
      ԱԴՐԲԵՋԱՆ
      ԹՈՒՐՔԻԱ
      ԻՐԱՆ
      ԱՐՑԱԽ
      ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Թքամոլություն կամ նաև թքելով պետք է հաղթենք
04-11-2009 01:00:26
 Ժամանակները փոխվում են, և թքելը մեզ մոտ աստիճանաբար դառնում է ազգային առանձնահատկություն: Մեր երկրում թքում են բոլորը` մեծերը և փոքրերը, գործարարներն ու բանվորները, հատուկներն ու հասարակները, շնչավորներն ու անշունչները: Թքում են անգամ կանայք, նրանք էլ իրենց ձևով` ավելի կանացի, բայց դրա մասին քիչ ավելի ուշ: Հետաքրքիրն այն է, որ բժշկական տեսանկյունից մեր թքող հայրենակիցներից գրեթե ոչ ոք չի տառապում խոռոչային որևէ լուրջ հիվանդությամբ: Սակայն ինչ-որ մոգական ուժ դրդում է բոլորիս թքել: Եվ թքում ենք ամենուր, ամեն հարմար ու ոչ հարմար առիթով` անկախ միջավայրից ու իրավիճակից: Իսկ հետաքրքիր է` ի՞նչ է տալիս մեզ թքելը: Ուշադիր նայեք Ձեզ շրջապատող մարդկանց, ինքներդ Ձեզ և կհասկանաք:

Այ, օրինակ` իրար ընդառաջ քայլում են երկու երիտասարդներ: Հավասարվելով նրանք առանց պատճառի թշնամաբար նայում են իրար, ապա անցնելով մի քանի քայլ` հատուկ առոգանությամբ թքում են: Առնվազն նրանցից մեկը դա հաստատ անում է: Կամ ասենք «բորդյուրին» նվիրված մի խումբ տղամարդիկ կլանված հետևում են հանգիստ քայլող գեղեցկուհուն, ապա նրա հետևից նույնքան «բորդյուրային» մի հաճոյախոսություն են անում, որը մնում է անպատասխան: Եվ ի՞նչ… Նրանք թքում են գետնին: Երբևէ տեսե՞լ եք նման հավաքների ընթացքում ձևավորվող թքալճերը: Իհարկե, տեսել և զզվանք եք զգացել: Լրիվ այլ հարց է, որ հաճախ նման լճերի արարիչը հենց մենք ենք:

Մեր բարեկամ Ֆրանսիայում թքող տղամարդը «Ճ» դասի երևույթ է: Իրեն հարգող ոչ մի ֆրանսիացի հասարակական կամ այլ մարդաշատ վայրում երբեք նման անշնորհքություն չի անի: Եթե անգամ թքելու անհրաժեշտություն լինի, ապա կարող եք վստահ լինել` նա դա կանի առանձնանալով և մյուսների աչքից հեռու: Որիշ բան, եթե ասենք թքելով մերոնք փորձեին ինչ-որ էկոլոգիական խնդիր լուծել: Սակայն բազում փաստեր հուշում են, որ հայ հասարակությունը խորապես թքած ունի նաև «Էկոլոգիա» ասվածի վրա: Ըստ երևույթին` թքելու սովորությունը հայ տղամարդու մոտ ինքնահաստատման յուրօրինակ մեխանիզմ է: Չէ՞ որ մեծ համարձակություն է պետք դիմացինի երեսին ասելու այն, ինչ մտածում ես: Իսկ եթե վերոհիշյալ հատկանիշը բացակայում է կամ չի հերիքում, ապա պետք է գտնել մեկ ուրիշ ելք: Իսկ ելք, ինչպես ասում են, միշտ էլ կարելի է գտնել: Տվյալ դեպքում` թքելով մենք հաղթում ենք կամ գոնե «վրա ենք մնում»:

Բայց ամենացավալին այն է, որ թքելն իր ֆիզիկական դրսևորումից բացի, նաև սկսում է որոշակի հասարակական իմաստավորում ստանալ: Այն ճարպկորեն իր հեղինակավոր դիրքերն է զբաղեցնում մեր լեզվամտածողության մեջ: Եվ հենց այստեղ էլ ի հայտ են գալիս կանանց թքելու տարատեսակները: Դրանք հիմնականում կամ ավելի ճիշտ` նախ և առաջ արտահայտվում են խոսքի միջոցով: «Ես թքած ունեմ իրա ասածների վրա, մեկ ա իմ ուզած յուպկեն եմ հագնելու», «Թքած ճաշի վրա, թող սոված մնա», «Թքած թե չի իմանա, բա որ ինքը առավոտից իրիկուն սրա-նրա հետ քաշ ա գալիս», «Ֆսյո, արդեն դավադիտ եմ էղել դրանից, թքելու եմ ամեն ինչի վրա ու բաժանվել»: Կարծում եմ` շարունակելն անիմաստ է, որովհետև բոլորիս էլ քաջ հայտնի են նման արտահայտությունների բազմաթիվ օրինակներ:

Եվ իհարկե, «թքասիրությամբ» ողողված խոսքը բնորոշ է ոչ միայն կանանց: Այն ազգային և ինչու ոչ` նաև պետական մասշտաբների կիրառում ունի: Իշխանությունները թքած ունեն ժողովրդի վրա, իսկ ժողովուրդը` իշխանությունների: Գործատուները թքած ունեն աշխատողների աշխատավարձի վրա, իսկ աշխատողներն էլ` իրենց կատարած գործի որակի: Եվ բոլորիս միավորում է մի ընդհանուր բան. մենք թքած ունենք մեր երկրի ապագայի և սերունդներին թողնելիք արժեքների արժեքավորության վրա: Թքա՞խտ է սա, թե՞ թքամոլություն. հավանաբար այս հարցին կպատասխանեն միայն փորձառու և բանիմաց հոգեբանները:

Հայկ Կիրակոսյան
Նյութը տրամադրել է «Պոլիտ Լայֆ» ամսագիրը

  
Տպել
 
 
 
     
ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ | ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ | ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅՈւՆ | ԵՐԵՎԱՆ
ԿՐԹՈւԹՅՈւՆ | ԳԻՏՈւԹՅՈւՆ | ՄԱՐԶԵՐ | ԱՐՑԱԽ | ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ | ԱՇԽԱՐՀ | ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ | ՎԵՆԵՐԱ | ՄՈւԹ ԱՆԿՅՈւՆ | ԲԻԶՆԵՍ ԵՎ ԱՌԱՋԱՐԿ
Copyright © Berlin Optic 2009
Designed and developed by Ecart LLC