ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐ
      ՀԱՅԱՍՏԱՆ
      ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ
      ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
      ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ
      ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
      ԵՐԵՎԱՆ
      ՄԱՐԶԵՐ
      ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
      ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
      ԳԻՏՈւԹՅՈւՆ
      ԿՐԹՈւԹՅՈւՆ

      ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅՈւՆ

      ԱՇԽԱՐՀ
      ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
      ՌՈՒՍԱՍՏԱՆ
      ՎՐԱՍՏԱՆ
      ԱԴՐԲԵՋԱՆ
      ԹՈՒՐՔԻԱ
      ԻՐԱՆ
      ԱՐՑԱԽ
      ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
 

ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐ

Ինչպես ձկնորսն առաքյալ դարձավ
03-11-2009 10:38:55
 1789թ.-ի օգոստոսի 26-ին Ֆրանսիական մեծ հեղափոխությունն ընդունեց «Մարդու և քաղաքացու իրավունքերի հռչակագիրը»: Դրանով նոր էջ բացվեց պատմության մեջ: Ավելի քան 150 տարի քաղաքական նախաձեռնությունների առանցքում քաղաքացու իրավունքներն էին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհի քարտեզից զատ փոխվեց և քաղաքականության գերակա արժեքը:

Բրիտանական օգտապաշտ բարոյախոսության համաձայն` անհատի բարոյականության հիմքում ընկած ընդհանուրի շահն արտահայտվում է որպես մարդկանց մեծ մասի երջանկություն: Շահն այն գործողությունների ընտրության և արարքների գնահատման սկզբունքն է, որը միտված է ընդհանուր առավելագույն բարիք ստեղծելուն: Եթե գործողությունն առնչվում է հանրային հետաքրքրություններին, ապա շահը հանրային երջանկությունն է: Ընդհանուր շահի բանաձևն է` «Առավել թվով մարդկանց համար առավել երջանկություն»:

Առողջ հասարակությունում անհատի երջանկությունը նախանձ ու ատելություն է առաջացանում հիվանդ, ձախողակ կամ թշնամացած մարդկանց մեջ: Այն, որ Հայաստանն անկախ է, մեծագույն երջանկություն է Հայաստանի քաղաքացիների համար, և միաժամանակ դժբախտություն և կորուստ է սովետական հպատակի մելանխոլիայով տառապողների համար: Արցախի հայրենիքին միավորումը անչափ շահ է հայ մարդու համար, և միաժամանակ անվերադարձ կորուստ ադրբեջանցիների համար:

Ապուշություն

Քաղաքական գործունեությունը ներառում է ներկայի քննադատության, նոր գաղափարների առաջ քաշման, և դրանց իրականացման երեք իրար հաջորդող փուլերը: Կյանքը լիարժեք և առողջ է, երբ քաղաքական կազմակերպություններն այս երեք փուլերը պարբերաբար անցնում են: Երբ ակտիվությունը սահմանափակվում է մի կողմից քննադատությանը մոտ անվերջ փնթփնթոցով, մյուս կողմից անհողդողդ պնդաճակատությամբ, ներկայի և ապագայի միջև կամուրջը փլվում է, հանրությունը ընկղմվում է խորը ձանձրույթի մեջ, դառնում անտարբեր հասարակական-քաղաքական գործընթացների հանդեպ, և... կյանքը կանգ է առնում: Անտարբերությունն ավելի մեծ չարիք է քան հեղափոխությունը: Եթե հեղափոխությունը զրոյացնում է մինչ այդ ձեռք բերվածը` անցյալը, ապա անտարբերությունը զրոյացնում է գալիքին միտվածը: Երկու դեպքում էլ փլուզվում է քաղաքական համակարգն ու հարկ է լինում ամեն ինչ սկսել զրոյից` քաղաքակրթական նոր ընտրանքից: Երբ մարդն իր նախաձեռնությունների հաջողությանը հավատում է, իր ցանկությունների հետ ներդաշնակ է, իրեն շրջապատող ամեն ինչի ու նաև ապագայի նկատմամբ հարազատություն ունի, ապա առաջընթացն իրական ու տևական է լինում: Հոռետեսության համար պարտադիր չէ, որ նկատելի լինեն վատ զարգացումների վեկտորները: Նույնպես և լավատեսի համար պարտադիր չէ դրական զարգացումների ուղղությունների և իր ստվերի հետ կազմվող 180 աստիճան անկյունը: Տրամաբանական վերլուծություններով առաջնորդվող Հոբի 3 ընկերները այդպես էլ չկարողացան պարզել պատժի և փորձության միջև տարբերությունը և միայն Հոբի միջնորդությամբ խուսափեցին երկնային արհամարանքից: Լավատեսությունն ու հոռետեսությունը պայմանավորված են հավատի առկայությամբ կամ բացակայությամբ: Հայ մարդն իր հոռետեսությամբ արդեն քանի տարի է չի զիջում համաշխարհային «առաջատար»-ի դիրքերը: Դժգոհությունը երբեմն խթանում է ընթացող փոփոխությունը, սակայն երբ դժգոհությունն ընդգրկում է ամեն ինչն ու ձգտում անսահմանության, մարդը դադարում է արձագանքել արտաքին ու ներքին ազդակներին, լճակը դադարում է անդրադարձնել լուսնի արծաթն ու վերածվում է գարշահոտ ճահճի:
Թյուր կարծիք կա, թե համատարած անտարբերությունից դուրս գալու ելքը հենց հեղափոխությունն է: Այս տրամաբանությամբ հեղափոխության նախապատրաստման նախնական փուլում հասարակությանը ներշնչում են հուսահատական տրամադրություններ, հետո նախանշում հուսահատությունից ելքը` հեղափոխությունը: Այս մարտավարությունը ավելի շուտ հանգեցնում է այլակերպության ու շատ հանդարտ մահի: Զանգվածային անուշադրությունը ցրելու համար հաճախ կազմակերպում են ցնցող կամ զվարճալի տեսարաններ: Երբեմն փորձում են հանրության ուշադրությունը սևեռել ծայրահեղական գաղափարախոսությունների վրա: Եվ ցնցող տեսարանները, և գաղափարներն արդյունավետ են, երբ դրանց առանցքում Մարդն է, ոչ թե ծաղրածուն կամ հարյուր տարվա մեռելը: Երբ գործը մարդուն բերկրանք, վայելք, օգուտ, բարիք, շահ է բերում, երջանկության և բավարարվածության զգացում է պատճառում, այդ վիճակում մարդու վարքն ազատ է, նրա հետաքրքրություններն առարկայական են, նա դառնում նախաձեռնող ու բարի: Հասարակությանն ապուշությունից հանելու միջոցը Մարդու նկատմամբ հավատի վերականգնումն է` ի շահ մարդու, իսկ ավելի պարզ` մարդու շահագործումը:

Ընտրություն

Հասարակության-պետության կյանքի ապահովման անհրաժեշտ էներգիան գոյանում է երջանկության և բավարարվածության զգացումից, որի նախապայմանը ընտրության ազատությունն է: 1991թ.-ի սեպտեմբերի 21-ին համաժողովրդական հանրաքվեով ծնված Հայաստանի Հանրապետությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է մարդու երջանկության համար: Կարծիք կա, թե ժողովրդի, մարդկության բարեկեցության խնդիրը չունի քաղաքական տեսլականների, ուտոպիաների, երազանքների պահանջ, այլ փողի. ու որքան հնարավոր է շատ: Անձնական շահի գիտակցմամբ առաջնորդվելն ազատ մարդու նկարագրի անբաժան մասն է կազմում: Մյուս կողմից` հասարակական համերաշխության կարևորության տեսանկյունից` այն պախարակելի է: Այս հակասությունն ընդհամենը անարխիստական պարզունակ ծուղակ է:
Անսահմանորեն զարգանալու ընդունակ, բայց էությամբ անփոփոխ Մարդը, Կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու մղումներում, իր ստեղծագործական ներուժը իրացնելու համար փնտրում է ինքնադրսևորվելու ազատություն և ասպարեզ: Եվ այստեղ ծնվում է Երազանքն այն երկրի մասին, որտեղ կյանքն առավել հարուստ ու լիարժեք է բոլորի համար, որտեղ յուրաքանչյուրն ունի հավասար հնարավորություններ, որոնք ցանկության դեպքում կարող են լրիվ իրացվել: Ընդունակություններ, աշխատասիրություն ունեցող ամեն մարդ կարող է արդար ճանապարհով հաջողել կյանքում, դառնալ բարեպաշտ-կարգապահ-կարողունակ մարդ: Այսպիսով Մարդը ձգտում է ոչ միայն բարձր եկամուտների, այլ այնպիսի հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարող է հասնել առավելագույն արդյունքների, ճանաչում ձեռք բերել և հուսալ, որ ամեն եկող սերունդ նախորդից ավելի լավ է ապրելու:
Այդ ձգտման մեջ որքան դրական է վերաբերմունքն ու կարծիքը մարդու նկատմամբ, այնքան մեծ է նրա ինքնաիրացվելու հնարավորությունը: Մարդուն կարելի է կոտրել ու դարձնել կենդանի, և բարձրացնել մինչև առաքինության: Օրինակ. եթե մարդուն վերաբերվում են որպես կովի, ապա նրա նկատմամբ հոգատարությունը սահմանափակվում է նրան կերակրելով, բանեցնելով, կթելով ու մի օր մորթելով: Եթե նրան դիտենք, որպես բանականությամբ և ազատությամբ օժտված արարածի, ապա նրան կտանք հարց: Առաջընթացի առաջին խթանը մարդուն ուղղվող հարցերն են: Հասարակական բարձր դիրք է գրավում ոչ թե նա, ով ունի բոլոր հարցերի պատասխանները, այլ նա, ում ամենից շատ հարցեր են ուղղվում: Ի՞նչն է խանգարում հարցերն ուղղել ոչ թե մի խումբ մարդկանց, այլ բոլորին, և սրտանց հավատալ, որ նրանք կպատասխանեն: Պատասխանատվության զգացում ունենում է հարցի հասցեատերը: Բարոյականությունը սերմանվում է հարցով, ոչ թե դոգմատիկ քարոզով:

Ելք

Մարդու նկատմամբ սերը-հավատը նրան պահում է առաքինության մեջ: Ժողովրդավարական կառավարման պահանջներից մեկը` Իշխանության նկատմամբ վստահությունն է, որի բացակայության դեպքում իշխանությունը դառնում է հրեշ: Պետության զարգացման պոտենցիալը պայմանավորված է նրա ղեկավարի և ժողովրդի միջև փոխադարձ վստահությամբ: Մանավանդ հասարակական անցման շրջանում կարևոր է առաջին հայացքից խորթ կաղապար-ձևի մեջ մարդուն տեսնելն այնպես, ինչպես հեքիաթի հերոսն է գորտի, օձի, հրեշի, քարի կտորի մեջ մարդ տեսնում: Հակառակ պարագայում երկուսն աննկատ դառնում են անտարբերություն-քար, լավագույն դեպքում` գայլ: Կախարդանքից ազատվելը պարզ է: Երբ ուղիղ նայես դիմացինիդ աչքերի մեջ ու տեսնես քեզ հավասար, քեզ պես ազատ, ու հարգանքի-ուշադրության-սիրո արժանի անկրկնելի մարդուն, նա դարավոր կախարդանքից վայրկենապես դուրս կգա, ու եթե նույնիսկ մինչ այդ հակառակորդդ էր, դրանից հետո ցանկություն կհայտնի ամենահերոսիդ հետ կիսել իր թագավորությունը: Ձկնորսն այդպես առաքյալ դարձավ: Մարդկային հարաբերությունների հիմքում դրված Մարդու նկատմամբ հավատը գործ սկսելու անհրաժեշտ պայմանն է: Գործը նախ առարկայացնում է պատասխանները և ամրացնում հավատը, հետո նոր` հարստություն ու շահ բերում, որը ծառայում է առավել թվով մարդկանց համար առավել երջանկությանը: Երբ քաղաքական նախաձեռնությունները միտված են Մարդու երջանկությանը, երկրի զարգացման հնարավորությունները դառնում են նույնքան անսահման, որքան Մարդու հնարավորությունները:

Թաթուլ Մկրտչյան
Նյութը տրամադրել է «Պոլիտ Լայֆ» ամսագիրը

  
Տպել
 
 
 
     
ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ | ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ | ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅՈւՆ | ԵՐԵՎԱՆ
ԿՐԹՈւԹՅՈւՆ | ԳԻՏՈւԹՅՈւՆ | ՄԱՐԶԵՐ | ԱՐՑԱԽ | ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ | ԱՇԽԱՐՀ | ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ | ՎԵՆԵՐԱ | ՄՈւԹ ԱՆԿՅՈւՆ | ԲԻԶՆԵՍ ԵՎ ԱՌԱՋԱՐԿ
Copyright © Berlin Optic 2009
Designed and developed by Ecart LLC